Իմ վարչապետության հնգամյա փորձը լեցուն է հանրային երջանկություններով և ողբերգություններով. սիրում ես հայրենիքդ՝ ուժեղացրու պետությունդ․ Փաշինյան
Իմ վարչապետության՝ հանրային երջանկություններով և ողբերգություններով լեցուն հնգամյա փորձն ինձ հանգեցրել է հայեցակարգային ձևակերպման, որն ուզում եմ առաջարկել որպես պետական հայեցակարգային ուղենիշ։ 2024 թվականի բյուջեի նախագծի նախնական քննարկման ժամանակ այս մասին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
«Այդ ուղենիշը հետևյալն է՝ հայրենիքը պետությունն է, սիրում ես հայրենիքդ՝ ուժեղացրու պետությունդ», - ասաց Նիկոլ Փաշինյանն ու այս արտահայտությունը կրկնեց ևս մեկ անգամ՝ հավանաբար իր ականջին սովոր դարձնելու նպատակով։
Նա նշեց, որ այս կարգախոսը բխում է այն թեզից, որ մեր անկախության 32 տարվա ընթացքում մեր առանցքային հիմնախնդիրը եղել է պետության ու հայրենիքի շահերի միջև առկա ու շարունակաբար մեծացող լարումը, հայրենիքի ու պետության ձգողականության երբեմն հակադիր ուղղությունները, պետության ու հայրենիքի միջև ընտրություն կատարելու անհնարինությունը։
Փաշինյանի խոսքով՝ որքան էլ անհնար լինի ընտրությունը՝ այն պետք է կատարվի:
«Այդ ընտրությունը կատարելու պահին է գալիս ամենակարևոր գիտակցումը, որ պետությունը միակ ու անփոխարինելի հայրենիքն է ու պետությունը, նրա անկախությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, ինստիտուտները կայացնելն ու զարգացնելը, այդ գործին նպաստելը հայրենասիրության գերադրական աստիճան է։ Սա հասունացման ճանապարհ է ու բոլորով անցնում ենք այդ ճանապարհը»,- ասաց Փաշինյանը: