Ադրբեջանը Հայաստանի դեմ հայց է ներկայացրել Միջազգային քրեական դատարան
Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը հայտարարել է, որ Բաքուն հայց է ներկայացրել Երևանի դեմ Միջազգային քրեական դատարան (ՄՔԴ)՝ հիմնվելով Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ «հազար էջ ապացույցների վրա»: Այս մասին գրում է Sputnik Ադրբեջանը։
Նշվում է, որ տեքստը պարունակում է «ապացույցներ՝ կապված Հայաստանի կողմից Ադրբեջանի ինքնիշխան տարածքների գրեթե երեսուն տարի անօրինական ռազմական օկուպացիայի հետ»։ Բացի այդ, նշվում է «մարդկության դեմ այլ հանցագործությունների» մասին։
«Ցանկանում եմ նշել, որ ադրբեջանական ժողովրդի դեմ կատարված այս հանցագործությունները ոչ միայն անօրինական գործողություններ են, որոնք կատարվել են ինչ-որ պատահական, քաոսային պայմաններում, այլ հիմնված են ազգամիջյան ատելության և արմատական ազգայնական գաղափարախոսության վրա»,- ասել է փոխարտգործնախարարը։
Ինչպես ընդգծել է Մամեդովը, ելնելով միջազգային դատարաններում միջպետական բողոքների առանձնահատկություններից՝ Ադրբեջանի հայցն ընդդեմ Հայաստանի պետք է քննարկվի մի քանի տարվա ընթացքում։