Գերմանիայի ԱԳ նախարարը կժամանի Հայաստան, կհանդիպի Արցախից տեղահանվածների հետ, այնուհետև կմեկնի Բաքու
Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքն այս շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան։ Այս մասին լրագրողներին ասել է Բեռլինում ԱԳՆ ներկայացուցիչը․ գրում է ՏԱՍՍ գործակալությունը։
«ԱԳ նախարարը Հայաստան և Ադրբեջան կմեկնի ուրբաթ առավոտյան։ Նա նախ կժամանի Երևան, որտեղ էլ կհանդիպի իր գործընկեր Միրզոյանի հետ»,- ասել է ԱԳՆ խոսնակը։
Բերբոքի ծրագրում ներառված է նաև այց Արցախից բռնի տեղահանվածների տեղավորման կենտրոն:
Նոյեմբերի 4-ին Բերբոքը կմեկնի Բաքու, որտեղ նախատեսված են բանակցություններ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովի հետ, նաև հանդիպում քաղհասարակության ներկայացուցիչների հետ։
«Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը հանդես է գալիս տարածաշրջանում կայուն խաղաղության, քաղաքական և տնտեսական դիվերսիֆիկացիայի օգտին», - ասել է Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցիչը: