Հայաստանը պետք է կատարի իր պարտավորությունները Ադրբեջանի հանդեպ․ թյուրքական աշխարհը կշարունակի աջակցել Ադրբեջանին․ Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդգծել է տարածաշրջանում վերջին հակամարտությունից հետո Հայաստանի կողմից Ադրբեջանի հանդեպ ստանձնած պարտավորությունները կատարելու անհրաժեշտությունը։ Այդ մասին Թուրքիայի ղեկավար Էրդողանը հայտարարել է Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կայացած Թուրքական պետությունների կազմակերպության 10-րդ հոբելյանական գագաթնաժողովում։
Էրդողանը նշել է` Ադրբեջանը «Հայրենական» պատերազմի արդյունքում վերջ է դրել իբրև, թե 30 տարվա «օկուպացիային»։
«Այս կերպ մենք մեկ քայլ ավելի մոտ ենք «խաղաղությանը»։ Հայաստանը պետք է կատարի իր պարտավորությունները Ադրբեջանի հանդեպ։ Հաղորդակցությունների բացումն օգուտ կբերի ողջ տարածաշրջանին։ Թյուրքական աշխարհը կշարունակի աջակցել Ադրբեջանին»,- նշել է Էրդողանը։
Թուրքիայի նախագահը նաև ընդգծել է ենթակառուցվածքային նախագծերի կարևորությունը, մասնավորապես՝ տրանսպորտային գիծը, որը կկապի Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը «Ադրբեջանի արևմտյան» շրջանների հետ, և կիսվել է տարածաշրջանի համար դրա առավելությունների մասին իր տեսլականով. «Տրանսպորտային գծի իրականացումը մեծ նշանակություն ունի նաև Նախիջևանն «Ադրբեջանի արևմտյան» շրջանների հետ կապելը։ Այս գծի բացումը կնպաստի տարածաշրջանի բոլոր երկրների բարեկեցությանը։ Դա Թուրքիային կկապի նաև Կենտրոնական Ասիայի հետ»։