«Մենք բլեֆ չենք անում, երբ մենք առաջարկել ենք, գիտակցել ենք, թե ինչ ենք առաջարկել»․ Արարատ Միրզոյանը՝ Գուրգեն Արսենյանին
«3+3-ը քննարկումների հարթակ է, որտեղ հիմնարար է հավասարությունը։ Սա 3 փոքրի և 3 մեծի մասին չէ, այդպես չի կարելի ընկալել»։ Այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովների նիստում 2024 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ արձագանքելով ՔՊ-ական Գուրգեն Արսենյանի հարցին։
«Սա 6, առնվազն 5 պետության խոսակցություն է, այս խոսակցությունն ընդամենը երկու անգամ է տեղի ունեցել, կապրենք, կտեսնենք»,- ասաց Միրզոյանը։
Նա նշեց, որ Հայաստանի կառավարությունը կարևորում է տարածաշրջանային համագործակցությունը, դրա համար է համաձայնել մասնակցել այդ հարթակին։
«Ցավոք, էն մյուս 3-ը մեզ նայում են որպես փոքր 3-ի։ Մեր մեղքը չէ, բայց իրականությունը դա է»,-արձագանքելով Արարատ Միրզոյանին` ասաց Արսենյանը։
«Պարոն Արսենյան, կարծում եմ՝ բոլորս էլ նայել ենք քարտեզները, Հայաստանը ծավալներով իսկապես փոքր երկիր է, ես հակառակը չեմ պնդում։ Ես ասում որ «3+3» հարթակը հավասար երկրների խոսակցություն է»,- ասաց Արարատ Միրզոյանը։
Ինչ վերաբերում է «խաղաղության խաչմերուկին», ապա Արարատ Միրզոյանը կարծում է, որ «լավ կլինի այս ծրագրի ճակատագիրը»։
«Մենք բլեֆ չենք անում, երբ մենք առաջարկել ենք «խաղաղության խաչմերուկ», գիտակցել ենք, թե ինչ ենք առաջարկել։ Եվ մենք իսկապես ուզում ենք, Արևելքն ու Արևմուտքը, Հյուսիսն ու Հարավը կապվեն իրար, այդ թվում նաև` Հայաստանի տարածքով։ Վստահաբար, մենք դրանից միայն շահելու ենք, մենք պատրաստ ենք, շահագրգռված ենք։ Եվ ուրախությամբ ասեմ, որ չնայած հաշված օրեր է, ինչ մենք այս ծրագրի մասին խոսում ենք, բայց արդեն հետաքրքրությունը կա»,- ասաց նա։