Լրջորեն անհանգստացած ենք ԼՂ-ից հայերի տեղահանման մարդասիրական հետևանքներով. G7
«Մեծ Յոթնյակ»-ի խմբի (G7) երկրները անհանգստություն են հայտնել Ադրբեջանի ռազմական գործողությունից հետո Լեռնային Ղարաբաղի հայերի հարկադրյալ տեղահանման առիթով։ Այս մասին գրում է Գերմանիայի Արտաքին գործերի դաշնային նախարարությունը։
Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է․
«Մենք լրջորեն անհանգստացած ենք Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական գործողության արդյունքում Լեռնային Ղարաբաղից հայերի արտաքսման մարդասիրական հետևանքներով։ Մենք կոչ ենք անում Ադրբեջանին լիովին կատարել միջազգային մարդասիրական իրավունքով ստանձնած իր պարտավորությունները և ողջունել միջազգային ջանքերը տեղահանվածների հրատապ հումանիտար կարիքները բավարարելու համար: Մենք ընդգծում ենք մեր աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հաստատմանը` հիմնված ուժի չկիրառման, ինքնիշխանության, սահմանների անձեռնմխելիության և տարածքային ամբողջականության սկզբունքների վրա»։