Ընդդիմադիր պատգամավորները համազեկուցողների ուշադրությունը հրավիրել են ՀՀ-ում ժողովրդավարական արժեքների ոտնահարման վրա
«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը և խմբակցության անդամ Թագուհի Թովմասյանը նախօրեին հանդիպել են ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Կիմո Կիլյունենի և Բորիանա Աբերգի հետ: Այս առնչությամբ Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Համազեկուցողների ուշադրությունն ենք հրավիրել Ադրբեջանի իշխանությունների կողմից մեր հայրենակիցների նկատմամբ իրականացված ցեղասպան գործողություններին, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի կարգավիճակի, ապաստանի, աշխատանքի և այլ կարիքների ապահովման անհրաժեշտությանը, ինչպես նաև Բաքվում մինչ օրս պահվող հայ ռազմագերիների, անհետ կորածների խնդիրներին:
Հանդիպմանն անդրադարձել ենք նաև ՀՀ-ում ժողովրդավարական արժեքների ոտնահարմանը, քրեական գործերը՝ որպես ընդդիմադիրներին լռեցնելու գործիք, իսկ կալանքը՝ որպես պատիժ կիրառելու դեպքերին, քաղաքական բանտարկյալների նկատմամբ իրականացվող ճնշումներին և ներքաղաքական այլ զարգացումներին»: