Մենք շատ մոտ ենք փաթեթային լուծմանը, որը ձեռնտու կլինի կողմերին, բայց, ցավոք սրտի, ինչ-որ մեկին չի հերիքում քաղաքական կամքը․ Զախարովան հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման մասին
Երևանի նախաձեռնությունը մեծապես համատեղելի է այն նախագծերի հետ, որոնք արդեն քննարկվել են նախորդ տարիներին եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում՝ փոխվարչապետերի համանախագահությամբ։ Աս մասին այսօր կայացած ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նրա խոսքով՝ տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների բացման գործընթացը կարևոր դեր է խաղում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում և օգնում է բացել Հարավային Կովկասի տարանցիկ և լոգիստիկ ներուժը։
Զախարովան հիշեցրել է, որ կայացել է Եռակողմ աշխատանքային խմբի 12 հանդիպում։ Նա նշել է, որ մեծ աշխատանք է կատարվել տարածաշրջանի լոգիստիկ ենթակառուցվածքի ներկա վիճակը գնահատելու և երկաթուղային և ճանապարհային հաղորդակցության ծրագրերի իրականացման օպտիմալ տարբերակն ընտրելու ուղղությամբ։
«Մենք շատ մոտ ենք փաթեթային լուծմանը, որը ձեռնտու կլինի կողմերին։ Ցավոք սրտի, այս հարցերին դեռ չի հաջողվել վերջակետ դնել։ Ինչ-որ մեկին չի հերիքում քաղաքական կամքը, և դա մենք չենք։ Ինչպես նախկինում, այժմ ևս մենք պատրաստ ենք անհրաժեշտ օգնություն ցուցաբերել տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունները բացելու համար»,- ասել է Զախարովան։