Ադրբեջանի և Հայաստանի միջև միջնորդության համար կարևոր է երկու կողմերի վստահությունը․ Ղարիբաշվիլի
Ադրբեջանի և Հայաստանի միջև վրացական միջնորդության հաջող նախադեպ կա: Ինչպես գրում է APA գործակալությունը, այս մասին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է Փարիզի խաղաղության ֆորումում՝ իր հայ գործընկեր Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ պանելային քննարկման ժամանակ։
«Երկու տարի առաջ մենք հաջողությամբ հանդես եկանք որպես միջնորդ Ադրբեջանի և Հայաստանի միջև: Սա միջնորդության առաջին նախադեպն էր, որ ստեղծեցինք Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Ադրբեջանը Վրաստանի միջնորդությամբ ազատ է արձակել 15 ձերբակալվածների, իսկ Երևանը տրամադրել է ականապատ տարածքների քարտեզ։ Ուստի Վրաստանը կարողանում է հասնել արդյունքների»,- ասել է Ղարիբաշվիլին։
Վրաստանի վարչապետի խոսքով՝ ընդգծել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև միջնորդը պետք է լինի մի երկիր, որին վստահում են երկու կողմերը։
«Կարծում եմ՝ վստահությունն այստեղ կարևոր է։ Որովհետեւ եթե ինչ-որ մեկը միջնորդություն է առաջարկում, պետք է վստահություն լինի այդ միջնորդի նկատմամբ երկու կողմից։ Եթե վստահություն չլինի, միջնորդությունը չի հաջողվի։ Եվ մեկ այլ խնդիր. ես այս տարվա սկզբին արդեն խոսել եմ Դավոսում այս մասին։ Գուցե կողմերը միմյանց չեն վստահում, բայց համագործակցություն պետք է լինի։ Առանց համագործակցության, քննարկումների և խաղաղ երկխոսության խաղաղություն չի լինի»,- ասել է Ղարիբաշվիլին։