Վտանգի տակ են հայտնվել Գանձասարը և Ամարասը․ ԿԳՄՍ նախարարը՝ Ճապոնիայի դեսպանին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուսիմա Մասանորիին՝ Հայաստանում նրա դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:
ԿԳՄՍ նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին պաշտոնավարման ընթացքում հայ-ճապոնական բարեկամական հարաբերությունների ամրապնդման ու համագործակցության արդյունավետության բարձրացման ուղղությամբ ներդրած ջանքերի համար և մաղթել հաջողություններ հետագա աշխատանքային գործունեության մեջ:
Նախարարը շնորհակալություն է հայտնել նաև Ճապոնիայի կառավարությանը ոչ միայն ֆինանսական աջակցության, այլև Արցախի խնդրի՝ տարբեր հարթակներում քննարկումների ժամանակ ցուցաբերած սկզբունքային և հետևողական մոտեցման համար: Ժաննա Անդրեասյանը նշել է, որ 2023 թվականի սեպտեմբերի 19-ից՝ Արցախի բնակիչների բռնի տեղահանումից հետո, ոչնչացման վտանգի տակ են հայտնվել առավել մեծ թվով պատմամշակութային հուշարձաններ, որոնց թվում են համաշխարհային քրիստոնեական մշակույթի կարևորագույն նմուշներից Գանձասարը և Ամարասը:
Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուսիմա Մասանորին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ընդգծել՝ Հայաստանը հարուստ պատմություն և մշակութային ժառանգություն ունեցող երկիր է, որտեղ դիվանագիտական գործունեություն ծավալելը մեծ պատիվ է եղել: