«Եթե նրանց որոշումների մեջ նաև հիմք է հանդիսացել ինձ ապօրինի կալանքից ազատելը՝ ես միայն շնորհակալ եմ դրա համար»․ Լևոն Քոչարյանը պնդում է՝ ոչ ոքի չեն ստիպել մանդատից հրաժարվել
Ինձ համար ամեն ինչ նոր է, և ես պետք է հասկանամ անելիքները, բայց առաջնային հարցն իշխանափոխությունն է։ Այս մասին ԱԺ ընթացող նիստի ընդմիջմանը լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Լևոն Քոչարյանը՝ արձագանքելով լրագրողների հարցին ու այն շահարկումներին, թե պատգամավորական մանդատը նրա համար, այսպես կոչված, փրկօղակ է։
Լևոն Քոչարյանը նկատեց, որ պատգամավոր Արմեն Չարչյանի` մանդատից հրաժարվելու հարցն ամենևին իր հետ չի առնչվում, և Չարչյանը մինչ իր հետ տեղի ունեցած դեպքն էր պատրաստվում հրաժարվել մանդատից։ Ինչ վերաբերում է ընտրական ցուցակով հերթական 3 թեկնածուներին, ապա նրանց ոչ ոք չի ստիպել ինքնաբացարկի դիմումներ ներկայացրել ԿԸՀ:
«Ես կարդացել եմ նրանց որոշումները ու ոչ մի հիմք չեմ տեսել այդպես մտածելու համար, բայց եթե նրանց որոշումների համար նաև հիմք է հանդիսացել ինձ ապօրինի կալանքից ազատելը՝ ես միայն շնորհակալ եմ դրա համար ու կարծում եմ դա նորմալ է, որ նաև դա է դեր խաղացել։ Ինչպես դուք եք ձևակերպում՝ նրանց ստիպել են, բացառվում է նման բան»,- ասաց Քոչարյանը։