Իսրայելը կհիասթափվի Մերձավոր Արևելքի հակամարտությունից, ինչպես «Հայաստանն ավելի վաղ ղարաբաղյան հակամարտությունից». Էրդողանը սպառնացել է Իսրայելին մեկուսացմամբ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելն ահաբեկչական պետություն է, իսկ Համասը՝ օրինական քաղաքական ուժ Գազայի հատվածում։ Նա այդ մասին ասել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խմբակցության անդամներին խորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ։
Էրդողանը նշել է, որ Անկարան ծրագրում է «հեռախոսով կապ հաստատել 41 երկրների հետ, որոնք ձեռնպահ են մնացել Գազայի հատվածում հրադադարի մասին բանաձևի վերաբերյալ քվեարկության ժամանակ»՝ համոզելու նրանց «տեսնել ճշմարտությունը»։ «Այսպիսով մենք կշարունակենք մեկուսացնել Իսրայելին»,- ասել է նա։
Թուրք առաջնորդն Իսրայելին սպառնացել է Հայաստանի ճակատագրով.
«Իսրայելը կհիասթափվի Մերձավոր Արևելքի հակամարտությունից, ինչպես որ «Հայաստանն ավելի վաղ ղարաբաղյան հակամարտությունից»: ««Մեր հողերի» (չակերտները` NEWSPRESS.am-ի) մասին տարիներով երազանքներ հետապնդելուց հետո, Հայաստանը Ղարաբաղյան պատերազմի դասը քաղեց և մնաց իր տեղում, Իսրայելը նույնպես կհիասթափվի։ Քանի դեռ մենք՝ 85 միլիոն մարդ, միասնական ենք, ոչ ոք չի կարող մեզ կոտրել։ Հետևաբար, մեզ համար ավելի ուժեղ և ժամանակակից բանակն անհրաժեշտություն է»,- ասել է նա: