Ադրբեջանը չի մասնակցի Երևանում անցկացվող ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանին․ պաշտոնական
Ադրբեջանը չի մասնակցի Երևանում անցկացվող ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանին։ Այդ մասին հայտնել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Ազայ Գուլիևը, փոխանցում է APA-ն։
Համապատասխան նամակ է ուղարկվել ԵԱՀԿ ԽՎ-ում ներկայացված պատվիրակություններին և կազմակերպության միջազգային քարտուղարությանը: Նամակում ադրբեջանական կողմը «մտահոգություն է արտահայտել Հայաստանում հակաադրբեջանական քարոզչության և ադրբեջանաֆոբիայի դրսևորումների առնչությամբ»։
Նոյեմբերի 18-20-ը կկայանա ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանը, որը վեհաժողովի հիմնական նստաշրջաններից է: Հայաստան կժամանեն շուրջ 50 երկրի 300 պատվիրակ: Հյուրընկալող կողմն Ազգային ժողովն է: ՀՀ ԱԺ-ն դեռ ամռանն էր հայտ ներկայացրել եւ պատրաստակամություն հայտնել Հայաստանում հյուրընկալելու վեհաժողովի աշնանային նստաշրջանի պատվիրակներին: