ԱԺ-ն պատրաստ է ապահովել Ադրբեջանի և Թուրքիայի պատգամավորների անվտանգությունը Հայաստանում, բայց նրանք չկան. Խանդանյան
Ադրբեջանն ու Թուրքիան պարզաբանումներ չեն ներկայացրել, թե ինչու չեն մասնակցում Հայաստանում անցկացվող ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ և ԵԱՀԿ–ում ՀՀ պատվիրակության ղեկավար Սարգիս Խանդանյանը։
«Ադրբեջանի պատվիրակությունը մի քանի անգամ հարց է բարձրացրել տարբեր ֆորմատներով՝ կապված Հայաստանում իրենց անվտանգության հետ։ ՀՀ ԱԺ-ն խորհրդարանական վեհաժողովի նախագահին և վեհաժողովին արձագանքել է՝ ասելով, որ ԱԺ-ն պատրաստ է ապահովել պատգամավորների անվտանգությունը, բայց, ինչպես տեսնում եք, պատգամավորները չկան»,- նշեց Խանդանյանը։
Խանդանյանը հավելեց, որ մասնակցության հրավերները ոչ թե ՀՀ Ազգային ժողովն է ուղարկել, այլ միջազգային քարտուղարությունը։ Հրավերներ են ուղարկվել բոլոր 56 երկրների և 11 գործընկեր երկրների խորհրդարաններին։
Անդրադառնալով Ադրբեջանի հայտարարությանը, թե իրենք չեն ընդունի այնպիսի որոշում, որը հակասում է Ադրբեջանի շահերին` Խանդանյանը նշեց՝ դա խորհրդարանական վեհաժողովի կանոնադրության անտեղյակություն է։ Աշնանային նստաշրջանում փաստաթղթեր, բանաձևեր չեն ընդունվում, սա քննարկումների հարթակ է, չկա նաև շրջանառվող որևէ տեքստ։