Ինչ կտա մեր երկրին ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանը
Հայաստան են ժամանել մոտ 50 երկրների պատվիրակներ, և սա կարևոր հարթակ է Հայաստանի շուրջ ու Հայաստանում տեղի ունեցող գործընթացները միջազգային գործընկերներին ներկայացնելու համար։ Լրագրողների հետ ճեպազրույցում այս հայտարարությունն արեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ և ԵԱՀԿ–ում ՀՀ պատվիրակության ղեկավար Սարգիս Խանդանյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ կտա մեր երկրին ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանը։
«Սա խորհրդարանական հարթակ է, քաղաքական դիրքորոշումները, խորհրդարանների պատգամավորների դիրքորոշումները շատ կարևոր են որպես գործիք ընդհանուր միջազգային հանրության և իրենց երկրների կառավարությունների վրա ազդեցության համար՝ դիրքորոշումների փոփոխության կամ ճնշման տեսանկյունից»,- նշեց Խանդանյանը։