Ադրբեջանում պատրաստ են խաղաղության բանակցություններին. ԵԱՀԿ ԽՎ նախագահ
ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել բանակցություններն ու փնտրել խաղաղության համաձայնագրին հասնելու նոր հնարավորություններ։ Այս մասին հայտարարեց ԵԱՀԿ ԽՎ նախագահ Պիա Կաուման Երևանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։
Մինչ Հայաստանը ժամանելը նա երկու օրով Ադրբեջանում է եղել և տպավորություն է ստացել, որ Ադրբեջանում պատրաստ են խաղաղության բանակցություններին։
«Դա այն ուղերձն է, որ նրանք ցանկանում են փոխանցել։ Իհարկե, ուզում եմ հավատալ, որ խաղաղության համաձայնագրին հասնելու հնարավորություն կա»,- նշեց ԵԱՀԿ ԽՎ նախագահը։
Ըստ նրա, այդ համաձայնագիրը կարևոր է ոչ միայն երկու երկրների, այլև տարածաշրջանի համար, այդ թվում՝ տնտեսության տեսանկյունից։ Կաումայի խոսքով՝ կան բազմաթիվ հնարավորություններ տնտեսական զարգացման համար, բայց խաղաղություն և անվտանգություն է պետք, հակառակ դեպքում ներդրողները խուսափում են գալ այստեղ։
«Հայաստանի բնակիչներն արժանի են խաղաղության, ժամանակն է խաղաղության համար նոր ուղի գտնելու, մենք՝ որպես կազմակերպություն, աջակցում ենք Հայաստանին խաղաղության այս ուղին գտնելու ճանապարհին»,- նշեց նա։