Պատմական հնարավորություն կա խաղաղություն հաստատելու Հայաստանի և Ադրբեջանի միջև. Ալեն Սիմոնյան
Հայաստանը՝ որպես միջազգային հանրության պատասխանատու անդամ ու այս տարածաշրջանի դերակատար, փորձում է գտնել այն բանաձևը, որը հնարավորություն կտա մեր տարածաշրջանի երկրներին խաղաղ գոյակցել և այստեղ ապրող մարդկանց զերծ պահել տառապանքներից։ Երևանում ընթացող ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի բացման արարողությանն ունեցած ելույթում ասաց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Այդ բանաձևի կարևորագույն բաղադրիներից մեկը ժողովրդավարությունն է։ Հայաստանը վստահ քայլում է այդ ուղղությամբ այն ընկամամբ, որ ժողովրդավարությունը նաև անվտանգային կարևորագույն երաշխիք է»,- ասաց Սիմոնյանը։
Նա հայտարարեց, որ Հայաստանը որդեգրել է խաղաղության օրակարգ՝ առաջարկելով տարածաշրջանի բոլոր երկրներին կարգավորել հարաբերություններն և համագործակցել:
«Հայաստանի կառավարությունն իր ժողովրդից ստացել է մանդատ՝ խաղաղություն բերելու և ապագա սերունդների համար խաղաղ համակեցության դարաշրջանը հնարավոր դարձնելու համար։ Հենց այդ պատճառով էլ ՀՀ-ն կառուցողականորեն ներգրավված է Ադրբեջանի հետ խաղաղության բանակցություններում և ավելորդ է ասել, որ հարևանների հետ խաղաղության ձգտումը միակողմանի գործընթաց չէ։ Այն բոլոր դժվարություններից հետո, որոնց միջով անցել են Հարավային Կովկասի ժողովուրդները վերջին տասնամյակներում, այսօր պատմական հնարավորություն կա խաղաղություն հաստատելու Հայաստանի և Ադրբեջանի միջև»,- հայտարարեց Սիմոնյանը։
Նա նշեց նաև, որ Հայաստանն անկեղծորեն շահագրգռված է նաև Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ու սահմանների, կոմունիկացիաների բացմամբ և առանց նախապայմանների ներգրավվել է բանակցությունների մեջ։
«Ես մեծ հույս ունեմ, որ այս բանակցությունները տեսանելի ապագայում կտան ցանկալի արդյունքները։ Մեր տարածաշրջանը խաղաղության կարիք ունի և ՀՀ տեսլականը լավագույնս արտացոլված է «Խաղաղության խաչմերուկ» նախագծում»,- ասաց Ալեն Սիմոնյանը։