ԿԽՄԿ-ն այցելել է Ադրբեջանում ապօրինաբար կալանավորված հայ գործիչներին
«Կարմիր խաչն» այցելել է Ադրբեջանի կողմից ապօրինաբար կալանավորված գերիներին։ Այս մասին գրում է APA գործակալությունը։ Չեն հրապարակվել այն անձանց անունները, որոնց այցելել է Կարմիր խաչը, սակայն տեքստին կից հրապարակվել է լուսանկար (ձերբակալման պահի), որում Արցախի նախկին նախագահներ Արայիկ Հարությունյանը, Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանն են և Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը։
Նշվում է, որ ԿԽՄԿ-ն նաև ստուգում է, թե արդյոք գերիների համար կան իրենց ընտանիքի հետ շփման պայմաններ։
«Երբ մենք՝ որպես Կարմիր խաչի միջազգային կոմիտե, այցելում ենք այդ անձանց, այս գործունեության արդյունքում բոլոր տեղեկությունները, հարցերը փոխանցվում և քննարկվում են միայն երկկողմանի գաղտնի ձևով՝ համապատասխան կառույցների հետ։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն այս հարցերը պարբերաբար քննարկում է երկու կողմերի հետ՝ և՛ ադրբեջանական, և՛ հայկական։ Տեղի այցելություններն իրականացվել են հոկտեմբերի վերջին-նոյեմբերի սկզբին»,- ասել են Կարմիր խաչի ներկայացուցիչները Նախիջևանում լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ։