Կրեմլը Հայաստանի՝ ՀԱՊԿ գագաթնաժողովին մասնակցելուց հրաժարվելու մասին
Ռուսաստանը ցավում է նոյեմբերի 23-ին կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գագաթնաժողովին մասնակցելուց Հայաստանի հրաժարվելու համար։ Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։
«Ցավում ենք, որ Հայաստանից բարձր մակարդակի մասնակցություն չի լինելու։ Հուսով ենք, որ այն կներկայացվի փորձագիտական մակարդակով։ Նաև հույս ունենք, որ Հայաստանը կշարունակի աշխատել կազմակերպության շրջանակներում»,- լրագրողներին ասել է նախագահի մամուլի քարտուղարը։
Նոյեմբերի 14-ին Հայաստանի վարչապետի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Նիկոլ Փաշինյանը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին զգուշացրել է, որ չի գալու ՀԱՊԿ գագաթնաժողովին։ Միաժամանակ, Հայաստանի վարչապետը հույս է հայտնել, որ ՀԱՊԿ գործընկերները ըմբռնումով կհասկանան իր որոշումը։