Բրազիլիան պատրաստ է աջակցել բռնահանված արցախցիների՝ առողջապահական մարտահրավերները լուծելու հարցում
Բրազիլիան իր համերաշխությունն է հայտնում Հայաստանին և պատրաստ է աջակցել` Արցախից բռնի տեղահանման հետևանքով առաջացած առողջապահական մարտահրավերները լուծելու հարցում:
Այս մասին առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ հանդիպմանը նշել է ՀՀ-ում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգան: Հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից։
Նա բարձր է գնահատել մինչ օրս բռնի տեղահանված բնակչության խնդիրները լուծելու ուղղությամբ գործադրվող ջանքերը:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել զարգացնելու երկու երկրների միջև երկխոսությունը առողջապահության մի շարք ուղղություններով`
հանրային առողջապահություն, բժշկագիտություն, մոր և մանկան առողջության պահպանում, առողջության առաջնային, պահպանման օղակի զարգացում, գիտելիքի և փորձի փոխանակման ծրագրեր:
Այս ուղղություններով նախապատրաստվում է փոխգործակցության համաձայնագիր: