«ՀՀ շուրջ օղակն օրըստօրե սեղմվում է». ԱԺ-ում քննարկվում է «Հայաքվե»-ի նախագիծը
ՀՀ ԱԺ-ում «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության առաջադրած հարցով խորհրդարանական լսումներ են, որը հրավիրել է «Հայաստան» խմբակցությունը։
«Հայաքվե»-ն առաջադրել է ՀՀ քրեական օրենսգրքում լրացումների նախագիծ, որի համար հատուկ նորմով քրեորեն պատժելի արարքներ են որակվում ՀՀ անունից Արցախը որևէ այլ պետության կազմում ճանաչելն ու ցեղասպանության ճանաչումից հրաժարվելը կամ դրա վտանգավորությունը նսեմացնելը։
«Աշխարհաքաղաքական զարգացումները, տարածաշրջանային իրադաձությունները, անվտանգության այն միջավայրը, որը գոյությունն ունի, հատկապես ներքին և արտաքին սպառնալիքների օրըստօրե ուժգանցումը ստիպում է, որպեսզի քաղաքացիական հասարակության ամբողջ ներուժը, միտքը, առաջարկություններն ուղղորդել նման կարևոր հարցերի շուրջ քննարկումներ իրականացնելուն և այս բարդ իրավիճակից դուրս գալու համար»,- ասաց Օհանյանը։
Ըստ նրա, նշված իրավիճակի համար ոչ միայն ադրբեջանական հանցավոր քաղաքականությունն է հիմք հանդիսանում, նաև ՀՀ իշխանությունների ժամանակին ոչ համահունչ ձևավորված քաղաքականությունը, ինչն էլ ի վերջո հանգեցրեց Ադրբեջանի կողմից Արցախի հայաթափմանը, ըստ էության իրականացվեց ցեղասպանություն հայ ժողովրդի արցախյան հատվածի նկատմամբ։
«Նշված իրավիճակի համար ոչ միայն ադրբեջանական հանցավոր քաղաքանությունն է հիմք հանդիսանում, այլ ՀՀ իշխանությունների՝ ժամանակին ոչ համահունչ ձևավորված քաղաքականությունը, որը հասցրել է նրան, որ ՀՀ շուրջ օղակն օրըստօրե սեղմվում է», - հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։