Դեռ պարզ չէ՝ Ադրբեջանը վերահաստատո՞ւմ է 3 սկզբունքի շուրջ խաղաղության պայմանագիր կնքելը. պետք է հասկանալ՝ ի՞նչ նկատի ունեն ՀՀ տարածքային ամբողջականություն ասելով․ Փաշինյան
«Չենք կարող վստահաբար պնդել, որ Ադրբեջանը հրաժարվում է այդ երեք սկզբունքների հիման վրա խաղաղության պայմանագիր կնքելուց, բայց նաև չենք կարող վստահ ասել, որ Ադրբեջանը վերահաստատում է իր հավատարմությունն այդ սկզբունքներին»: Այս մասին ուղիղ եթերում ասաց Նիկոլ Փաշինյանը։
Թեև, Փաշինյանի խոսքով, երեք սկզբունքները համաձայնեցվել են բանակցությունների ընթացքում, սակայն նրա համար պարզ չէ՝ Ադրբեջանը վերահաստատո՞ւմ է այդ սկզբունքների շուրջ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի կնքումը։
Փաշինյանն անհրաժեշտություն է տեսնում բանակցությունների ընթացքում այս հարցերի շուրջ պարզաբանումներ անելը։
«Առաջիկայում քարտեզների ու սահմանների մասով նախատեսված է հանդիպում՝ նոյեմբերի 30-ին, այդ քննարկումներց մենք հետևություններ կանենք, եթե այլ բանակցություններ լինեն, այդ բանակցություններից էլ հետևություն կանենք, թե արդյո՞ք Ադրբեջանը պատրաստ է այդ սկզբունքների հիման վրա գնալ խաղաղության, թե՞ հրաժարվում է սկզբունքներից»,- ընդգծեց Փաշինյանը։
Նա ասաց, թե Ադրբեջանը հայտարարել է, որ ճանաչում է ՀՀ տարածքային ամբողջականությունը, բայց այս հարցով կոնկրետություններ են պետք, թե ի՞նչ նկատի ունեն ՀՀ տարածքային ամբողջականություն ասելով։
«Այս հարցերի պարզաբանումն առաջիկա բանակցային գործընթացների հիմնական խնդիրն է, որը պետք է փորձենք լուծել»,- հավելեց վարչապետը։