ԵՄ փաստահավաք առաքելությունը կժամանի Հայաստան
Նոյեմբերի 27-ից 29-ը Հայաստան կժամանի ԵՄ արտաքին գործողությունների ծառայության և Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչների պատվիրակությունը։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը։
Նշվում է, որ այցի ընթացքում կքննարկվեն տարբեր հարթություններում ԵՄ-Հայաստան հարաբերությունները՝ նպատակ ունենալով դիտարկել ԵՄ-ՀՀ կապերի խորացման և ամրապնդման հնարավոր ուղղությունները։ Կքննարկվի նաև, թե ինչպես կարող է Հայաստանն օգտագործել ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ողջ ներուժը:
«Ժամանող պատվիրակությունը հանդիպումներ կունենա Հայաստանի Հանրապետության կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչների, ինչպես նաև Միացյալ ազգերի կազմակերպության և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների հետ»,- նշված է հաղորդագրության մեջ:
Այցի շրջանակներում Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ), Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) և Արտաքին սահմանների անվտանգության Եվրոպական միության գործակալության (Frontex) ներկայացուցիչները կմիանան ԵՄ արտաքին գործողությունների ծառայության և Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչներին:
Այցի կապակցությամբ կազդարարվի Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև ներդրումների համակարգման հարթակի մեկնարկը։