Պետք է հասկանանք՝ մենք իրոք մտովի պատրա՞ստ ենք խաղաղության և գնո՞ւմ ենք խաղաղության՝ բացառելով ատելության խոսքը, էթնիկ զտումները․ Ալեն Սիմոնյան
Վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ առնվազն մոտ ժամանակահատվածում անհնար է, որ հայերը վերադառնան Ստեփանակերտ կամ Շուշի, կամ Բաքու, կամ այն վայերերը, որոնք պատմականորեն եղել են հայկական։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Պետք է հասկանանք՝ մենք խոսում ենք խաղաղության մասի՞ն՝ ուղղակի խաղաղության մասին խոսելու համար, թե՞ մենք իրոք մտովի պատրաստ ենք խաղաղության և գնում ենք խաղաղության՝ բացառելով ատելության խոսքը, էթնիկ զտումները»,- ասաց ԱԺ նախագահը։
Նա նկատեց, որ Ստեփանակերտում մնացած հայերի մասին վերջերս խաղաղապահները հայտարարություն են տարածել, թե՝ ամեն ինչ նորմալ է, ոչ մի սադրանք չի եղել, ու այնտեղ մնացած 50 հոգին նորմալ են։
Ալեն Սիմոնյանը վստահ չէ, որ Ստեփանակերտում անգամ 50 հայ մնացած լինի։
«Եթե մարդիկ վերադառնալու լինեին՝ չէին թողնի մեկ օրվա մեջ փախչեին էդ տարածքից ու դրա համար եմ ասում՝ պետք է խոսույթը դադարեցնել»,- ասաց Ալեն Սիմոնյանը։