Ատելության մթնոլորտը բավականին նվազել է, շնորհակալ եմ ընդդիմությանը․ Սիսակ Գաբրիելյանը՝ Լիլիթ Գալստյանին
«Եկեք ընդունենք, որ մի տարի առաջվա և ներկայիս ատելության մթնոլորտը, եթե ոչ կիսով չափ, ապա բավականին նվազել է, տիկի՛ն Գալստյան»: ԱԺ ԿԳՄՍ, երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին հայտարարեց հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը՝ արձագանքելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանին՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի թափուր տեղերի համար թեկնածուների վերաբերյալ դրական գնահատականից հետո։ Նա նկատեց, որ նախկինում նիստերն անցում էին ավելի լարված մթնոլորտում։
«Մի տարի առաջ, երբ խոսում էինք այս մասին, բնական է, մեծ իրադարձություններ էին տեղի ունեցել, նախընտրական շրջան էր, հիմա բերել է նրան, որ մենք աստիճանաբար նաև մեր հանձնաժողովում փորձել ենք նորմալ աշխատանքային հարբերություններով աշխատել և առաջ գնալ, և կարծում եմ՝ դա միայն ու միայն օգուտ է»,- ասաց նա՝ շնորհակալ լինելով ընդդիմությանը՝ «նիստերին մասնակցելու» և «կառուցողական քննարկումների համար«։