ԵՄ-ն շարունակելու է աջակցել Երևանում բարեփոխումների օրակարգին․ ԵԽ պատգամավորը՝ փոխքաղաքապետին
Այսօր՝ դեկտեմբերի 4-ին, հանդիպել եմ Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ժոֆրուա Դիդիեի հետ: Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրում է Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը․
«Անդրադառնալով ֆրանսիական տարբեր քաղաքների հետ հաստատված ապակենտրոնացված համագործակցությանը՝ նշել եմ, որ Երևանը մեծապես կարևորում է գործընկեր քաղաքների ունեցած փորձն ու այն կիրառելու հնարավորությունը:
Վստահեցրել եմ, որ նման փոխայցելությունները լավ հնարավորություն են խորացնելու երկկողմ հաաբերություններն ու ավելի հստակ պատկերացում կազմելու փոխգործակցության հեռանկարների վերաբերյալ:
Շնորհակալություն հայտնելով ֆրանսիական քաղաքների հետ գործակցության ընդլայնման պատրաստակամության համար՝ Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ժոֆրուա Դիդիեն իր հերթին նշել է, որ Եվրոպական միությունը շարունակելու է աջակցել Հայաստանում ու Երևանում իրականացվող բարեփոխումների օրակարգին»,- գրել է նա։