Այդ պայմանագիրը կարող է Ադրբեջանին հնարավորություն տալ՝ նոր պատերազմ սանձազերծել․ Արթուր Խաչատրյան
2 բառ ասացիք՝ խաղաղություն և ռևանշ․ սրանք այնքան ընդգրկուն բառեր են։ Այս մասին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ արձագանքելով լրագրողի հարցին՝ կապված իշխանությունների դիրքորոշման հետ։
Պատգամավորը նկատեց, որ աշխարհում չկա մեկը, ով չուզի խաղաղություն, բայց այն, ինչ պահանջում է Ադրբեջանը և ինչին համաձայնում է ՀՀ իշխանությունը՝ ոչ թե խաղաղություն է, այլ հավերժական պարտության և կապիտուլյացիայի համաձայնագիր է։
Ինչ վերաբերում է ռևանշին, ապա, ըստ ընդդիմադիր պատգամավորի, Ալիևը կարող է կամայականությամբ որոշել, թե որն է ռևանշը, իսկ որը` ոչ։
«Օրինակ, այն զրահամեքենաները, որոնք Հայաստանը գնում է Ֆրանսիայից, Ալիևը կարող է դա դիտարկել որպես ռևանշի ձգտում և հերթական հարձակումը գործել Հայաստանի վրա»,- նկատեց պատգամավորը՝ հավելելով, որ Ալիևն այս մասին նոր չի ասում և բազմիցս հայտարարել է, որ եթե ՀՀ-ն փորձի ռազմական պոտենցյալը վերականգնել, անկախ նրանից, թե սահմանից ինչ խորության վրա է՝ իրենք իրենց իրավունք են վերապահում խոցելու։
«Այսինքն՝ Ալիևը նույնիսկ այս չակերտավոր խաղաղության պայմանագրի մեջ դնում է դրվագներ, որ կարողանա յուրովի մեկնաբանել, և այս խաղաղության պայմանագիրն Ադրբեջանին հնարավորություն տա Հայաստանի դեմ նոր պատերազմ սանձազերծել»,- ասաց Արթուր Խաչատրյանը։
Նրա դիտարկմամբ, գործող իշխանություններն ինչքան Ադրբեջանի պահանջների առաջ ընկրկում են, ինչքան խոնարհվում են, այդքան Ադրբեջանը հավելյալ պահանջներ է դնում Հայաստանի առջև, իսկ այս իշխանություններն ավելի ցածր են խոնարհվում։