Ադրբեջանի հետ որևէ շփումից չենք խուսափում․ Ալեն Սիմոնյան
Սպասում ենք գերիների վերադարձին, լիահույս ենք և սպասում ենք: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով 32 գերիների վերադարձի մասին հարցին։
«Մոտ ժամանակներս տեղեկություն կունենանք: Պայմանավորվածությունը, որ ձեռք ենք բերել, որևէ փոփոխություն դրա հետ կապված չկա: Գործընթաց է, որն ընթացքի մեջ է»,- ասաց Ալեն Սիմոնյանը։
Անդրադառնալով Ադրբեջանի հետ տարվող բանակցությունների մասին հարցին՝ ԱԺ պատգամավորը նկատեց, որ որևէ բանակցությունից չեն խուսափում։
«Մենք որևէ շփումից չենք խուսափում»,- ասաց նա:
Լրագրողի ճշտող հարցին, թե՝ Ալիևը նշում է, որ դեմ չէ անաչառ և չեզոք երրորդ կողմի միջնորդությամբ բանակցություններին, ո՞ւմ է համարում չեզոք՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց, որ այդ հարցի հասցեատերն ամենևին էլ ինքը չէ։
«Թե ում է համարում` չեմ կարող ասել, որովհետև տարբեր հարթակներից տարբեր ժամանակներում տարբեր ձևերով հրաժարվել է»,- ասաց Սիմոնյանը։