Վարդենիսում շատ հաճախ եմ լսում կրակոցներ, որոնք անվանում եմ «խաղաղության կրակոցներ»․ Թագուհի Թոմասյանը շատ է ուզում, բայց չի հավատում, որ որևէ թղթի ստորագրմամբ կարող է պահպանվել խաղաղություն
ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը` որպես սահմանամերձ շրջանի բնակիչ, շատ է ուզում, որ խաղաղություն լինի, բայց վստահ չէ, որ «խաղաղության պայմանագիրն» Ադրբեջանի հետ՝ կարող է խաղաղություն ապահովել։
«Այս մոլորակի վրա ամենաշատն եմ ուզում, որ խաղաղություն լինի և ապրենք խաղաղության մթնոլորտում, բայց իշխանությունը որքան շատ է խոսում խաղաղության մասին, այնքան մեծանում է ագրեսիան՝ թշնամու կողմից»,- ԱԺ ճեպազրույցի ժամանակ ասաց պատգամավորը։
Նա վստահեցնում է, որ Վարդենիսում շատ հաճախ է լսում կրակոցներ, որոնք նա անվանել է «խաղաղության կրակոցներ» ու որոնց ներքո գիշերում է սահմանային բնակավայրերի բնակչությունը։ Այս ամենը հաշվի առնելով էլ` Թագուհի Թովմասյանը չի հավատում խաղաղությանը։
Նա հիշեցնում է մեկ տարի առաջ Արցախում տեղի ունեցած բլոկադան, որի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարում ու վստահեցնում էր, թե՝ Արցախի բնակչությանը վտանգ չի սպառնում։ Սակայն եղավ այն, ինչ այսօր ունենք՝ Արցախի հանձնում ու արցախահայության բռնի տեղահանում։
«Մենք արդեն փորձը ունենք, ու չեմ հավատում, որ որևէ թղթի ստորագրմամբ կարող է պահպանվել խաղաղությունը»,- ասաց նա։