Փաշինյանը մոտ ապագայում Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը իրատեսական է համարում
Ավտոճանապարհները, որոնք կարող են ունենալ հյուսիսային ուղի, միջին ուղի և հարվային ուղի, նոր հնարավորություններ կբացեն մեր տարածաշրջանի համար։ Այս մասին «Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների նախարարական հանդիպման» ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
«Հայաստանը Խաղաղության խաչմերուկի միջոցով կարող է կապվել և կապել այլ երկրները հյուսիս-հարավ առանցքով և արևելք-արևմուտք առանցքով»,- ասաց նա։
Փաշինյանը նշեց, որ Հայաստանը նույն պատրաստակամությունը ցուցաբերում է նաև Հայաստան-Թուրքիա երկաթուղին բացելու, ինչպես նաև Հայաստան-Թուրքիա նախկինում գոյություն ունեցած երկու ավտոճանապարհները վերակառուցելու և վերաբացելու առումով։
«Բոլոր ենթակառուցվածքները, ներառյալ ճանապարհները, երկաթուղիները, օդային ուղիները պետք է գործեն այն երկրների իրավազորության և սուվերենության ներքո, որոնց տարածքով անցնում են»,-ասաց Փաշինյանը։
Նա նշեց, որ թեև տրանսպորտային կոմունիկացիաները մենք դիտարկում ենք մարդկանց և բեռներ տեղափոխելու տեսանկյունից, սակայն, վերջին շրջանում, ըստ Փաշինյանի, այն դարձել է կարևոր նաև տարածաշրջանային անվտանգության ու խաղաղության պահպանման պահանջմունքի տեսանկյունից։
«Մեր համոզմունքն այն է, որ խաղաղությունն առաջին հերթին ժողովուրդների տնտեսական և մշակութային կապերի առկայությունն է և հաղորդակցությունը, որը չի կարող տեղի ունենալ առանց կոմունիկացիաները բացելու»,- ասաց Փաշինյանը։
Այս ենթատեքստում, նա կարևոր համարեց տարածաշրջանում Ադրբեջանի և Թուրքիայի հետ կոմունիկացիաների բացումը՝ հայտարարելով, որ 30 տարի դրանք փակ են եղել։ Փաշինյանը հույս հայտնեց, որ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կընդլայնի և Հայաստանի, և Ադրբեջանի հնարավորությունները դեպի ծով ելքի։
«Այս ամենը հնարավոր է, երբ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատվի խաղաղություն: Հիմնական հարցը, որ հնչում է՝ ինչքանով է հնարավոր խաղաղությունը և ինչ սկզբունքների շրջանակներում այն պետք է տեղի ունենա»,- ասաց նա և նկատեց, որ շատ իրատեսական է համարում մոտ ապագայում Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը, եթե Բաքուն հաստատի երկու երկրների ղեկավարների միջև արդեն համաձայնեցված սկզբունքները։