Երեկվա զինծառայողների փոխանակումը Փաշինյանը համարում է զրոյական կետ՝ դեպի «խաղաղության պայմանագրի» ստորագրման հնավորություն
Հնչող հիմնական հարցն այն է, թե որքանով է հնարավոր խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև, և ինչ սկզբունքների շրջանակում այն պետք է տեղի ունենա: Այս մասին «Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների նախարարական հանդիպման» ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը` ընդգծելով, որ այժմ դրա հավանականությունն ավելի մոտ է և իրատեսական։
Այս ենթատեքստում Փաշինյանը վկայակոչեց երեկ՝ դեկտեմբերի 13-ին, Հայաստանի և Ադրբեջանի գերեվարված քաղաքացիների փոխանակումը։
Նա նկատեց, որ, եթե Բաքուն հաստատի երկու երկրների ղեկավարների միջև արդեն համաձայնեցված սկզբունքները, ապա խաղաղությունը կկնքվի շատ մոտ ապագայում։
«Կարելի է կենտրոնանալ փաստերի վրա, որոնք վկայում են այն մասին, որ նման իրադարձության հավանականությունը մեծ չէ, և կարելի կենտրոնանալ այնպիսի փաստերի վրա, որոնք կարող են ավելի դրական պատկերացում ստեղծել այն մասին, որ նման զարգացումների հավանականությունը մեծ է: Օբյեկտիվորեն պետք է ասել, որ երկու խումբ փաստերն էլ գոյություն ունեն, բայց երեկ տեղի է ունեցել շատ կարևոր իրադարձություն, Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի է ունեցել գերեվարված անձանց փոխանակություն և Հայաստանի 31 ներկայացուցիչներ և մեկ զինվորական Լեռնային Ղարաբաղից Ադրբեջանի կողմից վերադարձվել են Հայաստանին: Չէի ցանկանա կենտրոնանալ հոռետեսություն ներշնչող փաստերի վրա և կուզեի առնվազն երեկվա իրադարձությունը համարել մի զրոյական կետ, որից մենք կկարողանանք առնվազն փորձել և ջանքեր գործադրել, որպեսզի հետագա բոլոր լուրերն ավելի շատ վկայեն Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր ստորագրելու հավանականության մեծացման և ոչ թե հակառակի մասին»,- ասաց Փաշինյանը: