Ակնկալում եմ դեկտեմբերի վերջին հանդիպել ԱՊՀ երկրների ղեկավարների հետ. Պուտին
Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ ակնկալում է դեկտեմբերի վերջին Սանկտ Պետերբուրգում ոչ պաշտոնական հանդիպում անցկացնել ԱՊՀ երկրների ղեկավարների հետ։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
«Ցանկանում եմ խնդրել ձեզ փոխանցել իմ ջերմ ողջույնները ձեր պետությունների ղեկավարներին, որոնց ես ակնկալում եմ տեսնել շատ շուտով՝ դեկտեմբերի վերջին՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում և ԱՊՀ երկրների ղեկավարների ավանդական ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ Սանկտ Պետերբուրգում»,- Անկախ Պետությունների Համագործակցության երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի մասնակիցներին ուղղված իր ուղերձում ասել է ՌԴ նախագահը։
Պուտինը հիշեցրել է, որ հունվարի 1-ին կառույցի նախագահությունն անցնում է Ռուսաստանին, նախատեսվում է շարունակել և զարգացնել արվեստի, կրթության և գիտության տարբեր ոլորտներում համատեղ միջոցառումների անցկացման պրակտիկան։
Պուտինը նշել է, որ իր նախագահության ընթացքում Ռուսաստանը հատուկ ուշադրություն է դարձնելու ռուսաց լեզվի պահպանման թեմային։
Ինչպես նոյեմբերի վերջին հայտնել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդեւը, ոչ պաշտոնական գագաթնաժողովը կանցկացվի դեկտեմբերի 26-ին Սանկտ Պետերբուրգում։ Նման հանդիպումն արդեն ավանդական է դարձել։ Լեբեդևի խոսքով՝ Պուտինը իր գործընկերներին հրավիրել է գագաթնաժողովին՝ «շփվելու ոչ պաշտոնական միջավայրում, քննարկելու ընթացիկ հարցեր և կարծիքներ փոխանակելու»։