Չնայած Ալիևն ասում է, թե՝ պատրաստ են ապահովել ԼՂ վերադառնալ ցանկացող հայերի անվտանգությունը, բայց մարդիկ երաշխիք չեն տեսնում՝ վերադառնալու համար․ փոխնախարար
Ադրբեջանական կողմը նախկինում բազմիցս հրաժարվել է կարգավորմանն ուղղված բանակցություններին մասնակցելուց։ Այս մասին ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը՝ BBC-ին տված հարցազրույցում։
Նա վստահեցրել է, որ հայկական կողմը հավատարիմ է խաղաղության հաստատմանը, այս ուղղությամբ քննարկումներին և հարևան Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանը։
«Ադրբեջանը պետք է ճանաչի Հայաստանի տարածքային ամբողջականությունը, այս հարցում անորոշություն չի կարող լինել. անհրաժեշտ է ունենալ հստակ սահման՝ համաձայն Ալմա-Աթայի հռչակագրի։ Անհրաժեշտ է նաև համաձայնեցնել տրանսպորտային հաղորդակցությունների բացման սկզբունքները, որոնք հաշվի կառնեն և կհարգեն երկրների ինքնիշխանությունը»,- ասել է փոխարտգործնախարարը։
Իսկ ինչ վերաբերում է ադրբեջանական կողմի հայտարարություններին, թե Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերը կարող են վերադառնալ իրենց տները, իսկ Ադրբեջանը պատրաստ է ապահովել նրանց անվտանգությունը, ապա, Վահան Կոստանյանը նշել է, որ հայրենիքը լքած հայերից ոչ ոք չի վերադարձել այնտեղ։
«Սա նշանակում է, որ կարելի է ասել, որ մարդիկ անվտանգության երաշխիքներ չեն տեսնում։ Այս ամենը տեղի է ունենում անտեսելով Միջազգային դատարանի որոշումը, որով Ադրբեջանը պարտավորվում է ապահովել այդ մարդկանց վերադարձի իրավունքը»,- ասել է Կոստանյանը։