Սահմանազատման հարցը կարելի է նաև խաղաղության պայմանագրից անջատ քննարկել․ Ալեն Սիմոնյան
Կարծում եմ՝ կարելի է սահմանազատման հարցը Հայաստանի և Ադրբեջանի միջև քննարկվող խաղաղության պայմանագրից տարանջատել և առանձին քննարկել։
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևի հայտարարությունը, թե սահմանների սահմանազատման հարցը պետք է տարանջատվի խաղաղության պայմանագրից։
«Մենք կարող ենք դիտարկել նման գործելաոճ, որովհետև դա ժամանակային առումով կարող է շատ ավելի երկար, նույնիսկ տարիներ տևել։ Իրական խաղաղության գնացող երկիրը որևիցե խոչընդոտ չի տեսնի նման բաների մեջ, կարծում եմ` այո՛, ինչ-որ հարցեր ֆիքսելուց, խաղաղության պայմանագիրը կնքելուց, հասարակություններին խաղաղության մթնոլորտ բերելուց հետո, կարող է նման բան լինել»,- հայտարարեց Սիմոնյանը՝ հավելելով, որ դա իր անձնական կարծիքն է։