Կարևոր է շուտ ստորագրել խաղաղության պայմանագիրը․ ՔՊ-ն՝ Փաշինյան-Ալիև հանդիպման մասին
Հայաստանի նպատակը և մարտավարությունը այն է, որպեսզի որքան հնարավոր է շուտ Ադրբեջանի հետ ստորագրվի խաղաղության պայմանագիր, սակայն դրանում պետք է արտացոլվեն հայկական կողմի բարձրացրած սկզբունքները։ Այդ մասին ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը՝ պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին, թե ինչպե՞ս կգնահատի Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ոչ պաշտոնական շփումը Սանկտ Պետերբուրգում, և որքանով են Հայաստանը և Ադրբեջանը մոտ խաղաղության պայմանագրի ստորագրմանը։
«Մեր նպատակը և մարտավարությունը այն է, որպեսզի որքան հնարավոր է շուտ հնարավոր լինի ստորագրել խաղաղության պայմանագիրը։ Այնուամենայնիվ, այդ պայմանագիրը պետք է արտացոլի այն սկզբունքային հարցերը, որ Հայաստանը միշտ բարձրացրել է և դա լինի մի փաստաթուղթ, որը իսկապես տարածաշրջանին և Հայաստանին խաղաղություն կբերի»,-ասել է պատգամավորը։