Մեր ազգն անցնում է ինքնութենական մարտահրավերների միջով, հավատքի հզոր ուժով վերադառնանք ակունքներին
ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը շնորհավորել է Սուրբ Ծնունդը․
«Սիրելի քրիստոնյա ժողովուրդ, սիրելի հայ եղբայրներ և քույրեր, Քրիստոս ծնավ և հայտնեցավ, ձեզ և մեզ մեծ Ավետի՛ս:
Քրիստոսի Սուրբ Ծննդյան այս սուրբ օրը ցանկանում եմ մեզ բոլորիս մաղթել հավատքի հզոր ուժի պարտադրանքի ուժով վերադարձ մեր ակունքներին՝ հաղթահարելու համար այն համազգային փորձություններն ու զրկանքները, ինչպես նաև ինքնութենական մարտահրավերները, որոնց միջով անցնում է մեր ազգն ու ժողովուրդը: Փոփոխությունների ժամանակները երբեք հեշտ չեն լինում, դրանք պահանջում են քաջություն, համբերություն և համերաշխություն։
Քրիստոնեությունը մեզ սովորեցնում է, որ նույնիսկ ամենամութ ժամանակներում հույսի լույս կա, որը երբեք չի մարում: Դիմե՛նք մեր հավատքին, մեր միասնությանն ու մեր ժողովրդի իմաստությանը, դրանք կօգնեն մեզ գտնել ուժ և լուծումներ վերագտնելու, վերականգնվելու և վերելքի համար:
Թող Սուրբ Ծննդյան աստղը առաջնորդի մեր ուղին առաջ և լուսավորի մեր դժվարին ճանապարհորդության յուրաքանչյուր քայլը: Թող Քրիստոսի Սուրբ Ծննդյան տոնը մեզ խաղաղություն, փոխըմբռնում և բարօրություն բերի։
Մաղթում եմ մեզ իմաստություն, ուժ և համբերություն այս դժվարին ժամանակահատվածում։ Շարունակենք պահպանել մեր հավատքն ու պատմության շարունակականությունը՝ գիտակցելով, որ դրանք ողջ մարդկության թանկարժեք ժառանգությունն են»։