Հունաստանը շուտով սատարելու է մի ծրագիր, որը ֆինանսավորելու է ԼՂ-ից տեղահանված անձանց․ Հունաստանի արտգործնախարար
Շատ բան կա, որ կարող ենք անել Հայաստան-ԵՄ հարաբերությունների ուղղությամբ և պատրաստակամ կլինենք սատարելու ՀՀ կառավարությանը և հայ ժողովրդին: Մենք արդեն իսկ ընտրել ենք, որ ՀՀ արտգործնախարարը մասնակցի մեր արտաքին հարաբերութունների խորհրդին և շարունակաբար կկազմակերպենք նման հանդիպումներ մեր արժեքները կիսող անդամ պետությունների հետ, ինչպիսիք են Ֆրանսիան և Կիպրոսը։ Այս մասին Հայաստանի ԱԳ նախարարի Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց Հունաստանի արտաքին գործերի նախարար Յորղոս Գերապետրիտիսը։
«Կարծում եմ՝ հույժ կարևոր է, որ շարունակաբար շեշտադրենք Հայաստանի մասին եվրոպական տեսակետը։ Ինչո՞ւ: Սա անում ենք ոչ միայն հանուն Հայաստանի ապագայի՝ նպաստելու հայ ժողովրդի բարեկեցության աճին և կայունությանը, այլ նաև քանի որ սա կարևոր է Եվրոպայի համար։ Մենք կարծում ենք, որ Հայաստանը Եվրոպայի կարևոր մի մասն է, պատմական կապեր կան` սատարելու այն գաղափարը, որ Հայաստանն իսկապես Եվրոպայի հույժ կարևոր մի մաս է և մենք շարունակաբար այս քայլերն առաջ կտանենք»,- ասաց Գերապետրիտիսը։
Նա նշեց, որ Հունաստանը շուտով սատարելու է մի ծրագիր, որով ֆինանսավորելու է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց:
«Գիտենք, որ նրանց կարիքներն էլ ավելի են ծավալվելու, մասնավորապես, դա վերաբերում է կեցությանը, բնակարանային հարցերին, հումանիտար հարցերին»,- ասաց Հունաստանի ԱԳ նախարարը:
Նա նշեց, որ իրենց համար հույժ կարևոր է, որ մշակութային վայրերը պահպանվեն:
«Մենք արշավ ենք կազմակերպելու ոչ ԵՄ-ի ինստիտուտների հետ համատեղ, այլ նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի: Մենք պատրաստ ենք մեր հմտությունները տրամադրելու: Մենք միանշանակ կողմ ենք, որ էմբլեմատիկ քրիստոնեական վայրերը պահպանվեն Լեռնային Ղարաբաղում և ուզում ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելությունն իր տեղում լինի` բացահայտելու վնասները կրում են և կարող են կրել»: