Եթե Ալիևն ասում է, ուրեմն նրա ամեն մի ասածին պետք է լուրջ վերաբերվել․ Անդրանիկ Քոչարյան
ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանը վստահեցնում է և զգուշացնում՝ Ադրբեջանի նախագահի ասածներին պետք է լուրջ վերաբերվել։ Նա, իհարկե, չի բացառում, որ շատ հնարավոր է Իլհամ Ալիևի հայտարարությունները կապված լինեն նաև նախընտրական քարոզարշավի հետ, բայց միևնույն ժամանակ ընդգծում է, որ պետք չէ անլուրջ վերաբերվել դրան։
«Ալիևի ամեն մի ասածին մենք լուրջ պետք է վերաբերվենք։ Եթե ասում է, ուրեմն պետք է լուրջ վերաբերվել։ Եթե նույնիսկ ասում է իր ներքին լսարանի համար՝ էլի պետք է լուրջ վերաբերվենք, մեր խնդիրը մեր երկրի ամրություններն ամրապնդելն ու ուժեղացելը պետք է լինի»,- ԱԺ ճեպազրույցի ժամանակ ասաց Քոչարյանը՝ հավելելով, որ ամենաճիշտը խաղաղությամբ ապրելն է․ «Վերջը կռիվը մի օր պետք է ավարտվի՞»,- ասաց նա։
Հարցին՝ հնարավո՞ր է, որ Ադրբեջանը կարողանա ուժի միջոցով վերցնել այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքը», Քոչարյանը պատասխանեց․ «Ադրբեջանը կարող է շատ ցանկություններ ունենալ։ Ուրիշ բան, մենք այդ ցանկությունները այսօր կանխելու հնարավորություն ստեղծե՞լ ենք, թե՞ ոչ»,- ասաց նա՝ վստահեցնելով, որ իրենք ստեղծում են այդ ամենը։ Ճշտող հարցին՝ արդյոք ստեղծե՞լ ենք, Քոչարյանն ասաց, որ ամեն օր ստեղծում են։