«Մենք աջակցում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը»․ Ջեյմս Օ՛Բրայեն
«Մենք աջակցում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը։ Մեզ ոգևորում է այն, որ երկու երկրներն ունեն խաղաղության առողջ օրակարգ»,-այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենը:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն լավ հարաբերություններ ունի Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ քաղաքականության, տնտեսության և անվտանգության ոլորտներում․
«Մենք կարծում ենք, որ կողմերի միջև խաղաղության հասնելը տարածաշրջանային տնտեսական զարգացման հնարավորություններ կստեղծի»,- ասել է Օ՛Բրայենը:
Նա ընդգծել է, որ խաղաղությունը օգուտ կբերի տարածաշրջանի ժողովուրդներին։ Օ՛Բրայենը հավելել է, որ ԱՄՆ-ն կցանկանար հնարավորություն ունենալ երկու երկրների հետ քննարկել «խաղաղության օրակարգի» բոլոր հարցերը: