Ասել ենք, որ պատրաստ ենք բացել բոլոր ճանապարհներն Ադրբեջանի համար․ Հայաստանն ազնիվ է խաղաղություն հաստատելու իր նպատակների մեջ․ Ալեն Սիմոնյան
Պայմանագիրն այն մասին է, որ եթե ինչ-որ մի կողմ որևէ քայլ է անում՝ մյուսը նույնն է անելու։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Իլհամ Ալիևի հայտարարություններին ու 2020 թվականին նոյեմբերի 9-ի պայմանագրում տեղ գտած կետերին։
Սիմոնյանը, որպես իր ասածի տրամաբանություն, բերեց հետևյալ օրինակը․ «Ենթադրենք, հա՞, հայկական կողմը չպետք է խրախուսի ադրբեջանական կողմի նկատմամբ ագրեսիան, ու Ադրբեջանն էլ պետք է նույնը անի՝ իր երկրում չխրախուսի ագրեսիան հայկական կողմի նկատմամբ»,- ասաց Ալեն Սիմոնյանը։
Նա չի հասկանում, թե ինչու է ընդդիմությունը պայմանագրին ծանոթանալուց հետո խոսում միակողմանի զիջումների մասին, բայց վստահեցնում է, որ նման բան չի լինելու՝ այն, ինչ արեց մի կողմը, մյուսը նույնն է անելու։ Այս տրամանաբանության մեջ էլ, ըստ Ալեն Սիմոնյանի, հայելային հետքաշումն է լինելու։
«Մենք հասկանում ենք, որ Ադրբեջանն իր երկրի մի մասից այլ երկրի մի հատված տեղափոխվելու համար ճանապարհ է ուզում։ Ասել ենք, որ պատրաստ ենք բացել բոլոր ճանապարհներն իրենց համար, ասել ենք, որ միգուցե հնարավոր է թեթևացված գործընթաց լինի, որպեսզի իրենք կարողանան տեղափոխվեն, բայց արտատարածքային կամ նման այլ բան չկա»,- ասաց Ալեն Սիմոնյանը։
Նա պաշտոնապես հայտարարում է՝ Հայաստանն ազնիվ է իր նպատակների մեջ և հաստատակամ է խաղաղություն հաստատելու կամքում։