«Ազնավուր» հիմնադրամը շանսոնյեի 100-ամյակին ընդառաջ մեկնարկում է արցախցիներին աջակցելու ծրագիր
«Ազնավուր» հիմնադրամը շանսոնյե Շառլ Ազնավուրի 100-ամյակին ընդառաջ, մեկնարկում է Արցախից բռնի տեղահանված ընտանիքների տնտեսական աջակցության և սոցիալական ներառման ծրագիր․
«Ծրագրով նախատեսված է 25 դրամաշնորհ արցախցիների ձեռնարկատիրական գործունեության համար:
Ծրագիրը բաց է ինչպես սկսնակ, այնպես էլ փորձառու գործարարների համար», - ասվում է հիմնադրամի հաղորդագրության մեջ:
Դրամաշնորհներ կարող են ստանալ 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված արցախցիները, որոնք հաշվառված են և մշտական բնակություն են հաստատել Հայաստանում: Յուրաքանչյուր դրամաշնորհի առավելագույն գումարը կկազմի 2 100 000 դրամ և նախատեսված է մինչև 6 ամիս տևողությամբ նախագծերի համար:
Դրամաշնորհի հայտերը պետք է ուղարկվեն հետևյալ հասցեով [email protected]. հայտում անհրաժեշտ է ներառել դիմումը (դիմումի ձևը ներբեռնել հղումով) և բյուջեի ձևը (ներբեռնել հղումով), ինչպես նաև նշել ընտանիքի բոլոր անդամների անձնագրերի և սոցիալական քարտերի և երեխաների ծննդյան վկայականների պատճենները:
Դիմողները նաև պետք է ներկայացնեն դիմողի և/կամ ընտանիքի այլ անդամների ընթացիկ հաշվի վերջին 3 ամիսների բանկային քաղվածքները, իսկ ֆինանսական պարտավորությունների առկայության դեպքում՝ վարկային պայմանագրերի և այլ հարակից փաստաթղթերի պատճենները:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2024 թ.հունվարի 31-ը՝ ժամը 18:00-ն: Ստացված հայտերը գնահատվելու են երկու փուլով՝ հատուկ դրա համար ստեղծված հանձնաժողովի կողմից։ Առաջին փուլ անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի: Իսկ առաջին փուլ չանցած թեկնածուները կտեղեկացվեն էլեկտրոնային փոստով:
Դրամաշնորհ ստանալու հիմնական պայմանը բիզնես նախագծում անձնական ներդրումն է: Այս ավանդի գումարը պետք է կազմի ծրագրի ընդհանուր բյուջեի առնվազն 20%-ը, ասվում է հիմնադրամի հաղորդագրության մեջ:
Դրամաշնորհները տրամադրվելու են միայն իրավաբանական անձանց: Եթե հայտատուն չունի իրավաբանական անձի կարգավիճակ, ապա մինչև դրամաշնորհային համաձայնագրի ստորագրումը նա պետք է գրանցվի որպես այդպիսին՝ ՀՀ օրենսդրության համաձայն:
Ծրագրի իրականացման ընթացքում հայտատուն պետք է ներկայացնի ֆինանսական հաշվետվություններ:
Կֆինանսավորվեն միայն համապատասխան փաստաթղթերով հաստատված ծախսերը՝ պայմանագրեր, դրամ
ական մուտքեր և այլն: Դրամաշնորհային ծրագրի շրջանակներում կֆինանսավորվեն գործիքների և սարքավորումների գնումները, վերանորոգման ծախսերը, վարձավճարները, վերապատրաստման դասընթացները:
Գոյություն ունեցող վարկերի և այլ ֆինանսական պարտավորությունների դիմաց վճարումները, ինչպես նաև ծրագրի իրականացման հետ չկապված ծախսերը չեն ֆինանսավորվելու: