«Զանգեզուրի միջանցքը» չի քննարկվել ՌԴ, Բաքվի և Երևանի հայտարարության մեջ. Լավրով
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն անդրադարձել է Ադրբեջանի կողմից արհեստականորեն ներդրված, այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին», որն ինքնին տարածքային հավակնություն է Հայաստանի Հանրապետության սուվերենության նկատմամբ։
ՌԴ արտգործնախարարը հայտարարել է, որ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հայտարարության մեջ խոսք չկա «Զանգեզուրի միջանցքի» մասին։
«Վարչապետ Փաշինյանն ինչ-որ տեղ ասել է, որ Հայաստանը կատեգորիկ դեմ է «Զանգեզուրի միջանցքին»։ «Զանգեզուրի միջանցքի» մասին երբեք խոսք չի եղել այն պայմանավորվածությունների շրջանակներում, որոնք ձեռք են բերվել նախագահներ Պուտինի և Ալիևի և վարչապետ Փաշինյանի միջև։ Այն հայտարարության մեջ, որը ստորագրվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ին, և որը կանգնեցրեց պատերազմը, ասվում է, որ ապաշրջափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը և որ Հայաստանը երաշխավորում է երկկողմ տրանսպորտային հաղորդակցությունը Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև։ Իսկ տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացնելու են ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները»,- ասել է Լավրովը։