Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին հարցը փակել է անձամբ Հայաստանի վարչապետը․ Լավրով
Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված համաձայնագրում ես Մակրոնի ստորագրությունը չեմ տեսել, ինչպես նաև այլ երեք եռակողմ համաձայնություններում։ Այս մասին 2023 թվականն ամփոփող ասուլիսում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Արևմուտքին մեղադրելով եռակողմ բանակցություններին միջամտելու մեջ։
«Նույնիսկ մի հետաքրքիր պահ եղավ․ փաստաթղթում, որը ստորագրվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ին, նաև մյուս փաստաթղթերում, Ղարաբաղի տարածքը բնութագրվում էր որպես «ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտի», և երեք երկրների ղեկավարների մեջ ընկալում կար, որ կարգավիճակի թեմայով պետք է շարունակվեն բանակցությունները, որպեսզի վերջնականապես այդ հարցը համաձայնեցվի։ Եվ ինչպիսին եղավ մեր զարմանքը, երբ 2022-ի աշնանը, կարծեմ՝ Պրահայում, Մակրոնն անցկացրեց Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, ուր մեզ և ուկրաինացիներին չէին հրավիրել, բայց այնտեղ էին հայերն ու ադրբեջանցիները և Մակրոնը, կարծեմ Միշելի հետ, հրավիրեց նրանց հանդիպման։ Հանդիպման ժամանակ նրանք համաձայնեցրին փաստաթուղթ, որում ասվում էր, որ Ադրբեջանն ու Հայաստանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը Ալմա Աթայի 1991 թվականի հռչակագրի համաձայն։ Դրանում ասվում էր, որ բոլոր նոր անկախ պետություններն ունեն սահմաններ՝ ԽՍՀՄ միութենական պետությունների վարչական սահմաններին համապատասխան։ Ղարաբաղն Ադրբեջանի ՍՍՀ ԼՂԻՄ-ի սահմաններում էր։ Մենք չգիտեինք, որ այդպիսի հայտարարություն է պատրաստվում, և երբ այն հնչեց, մենք արեցինք եզրակացություն, որի մասին հայտնեցինք Բաքվին՝ Ադրբեջանին, որ կարգավիճակի մասին հարցը փակ է։ Փակ է՝ անձամբ Հայաստանի վարչապետի կողմից։ Այդտեղ Մակրոնը կար և դրա համար, թե ով ինչ դեր է խաղացել, չեմ կարող ավելին երևակայել»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը։