Հրդեհի հետևանքով մահացած 15 զինծառայողի գործով մեղադրյալը ուշագրավ տեղեկություն է հայտնել փաստաբանին
Ազատ գյուղում 15 զինծառայողի մահվան պատճառ դարձած հրդեհի գործով հինգ մեղադրյալներից երկուսը՝ զորամասի հրամանատարի տեղակալ Գոռ Աղեկյանը և հրշեջ ծառայության պետ Մառլեն Սարգսյանը ՔԿՀ-ում գաղտնի հանդիպում են առաջարկել հրդեհի հետևանքով մահացած 15 զինծառայողի ծնողների շահերը պաշտպանող փաստաբան Նորայր Նորիկյանի հետ։
Այդ մասին փաստաբանը տեղեկացրեց լրագրողների հետ հանդիպման ժամանակ։
«Դա աննախադեպ երևույթ է․ այս հանդիպումը շուտով կայացավ։ Զոհված զինծառայողների ծնողներին ներկայացրել եմ այս զրույցի մանրամասները, և մենք կհետևենք նրանց տրամադրած տեղեկատվության հետքերով։ Մառլեն Սարգսյանը ուշագրավ տեղեկություն է հայտնել, սակայն այն ենթակա է ստուգման։ Եվ եթե պարզվի, որ այդ տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, ապա իշխանությունների ողջ վարկածը կփլուզվի, որից հետո անհրաժեշտ կլինի ուսադիրները հանել այս գործում ներգրավված բոլոր պատասխանատուներից»,- նշեց Նորիկյանը։