Հայաստանում դեռևս մոտ 937 երեխա գտնվում է պետական մանկատներում և հատուկ դպրոցներում. զեկույց
Գրեթե կես միլիոն երեխա, իսկ ավելի ստույգ՝ 456,000 երեխա Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում գտնվում է շուրջօրյա խնամքի հաստատություններում, այդ թվում՝ խոշոր հաստատություններում: Սրա մասին է խոսվում ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից հրապարակված նոր զեկույցում:
Բարելավված պաշտպանության ուղիներ. այլընտրանքային խնամքի տակ գտնվող երեխաների իրավիճակը Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում զեկույցում նշվում է, որ տարածաշրջանի շուրջօրյա խնամքի հաստատություններում գտնվող երեխաների թիվը համաշխարհային միջինի կրկնապատիկն է՝ 100,000 երեխայից 232-ն ապրում է խնամքի հաստատություններում՝ ի համեմատ համաշխարհային՝ 100,000-ից 105 երեխայի դիմաց ցուցանիշի: «Մենք երկար ճանապարհ ունենք անցնելու, մինչև Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երեխաների ինստիտուցիոնալացման երկար ու ցավալի ժառանգությանը վերջ դնելը: Չնայած որոշ բարելավում գրանցվել է, առաջընթացը հեռու է հավասար լինելուց:
Հաշմանդամություն ունեցող երեխաները հիմնականում անտեսվել են», -նշել է Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում ՅՈՒՆԻՍԵՖ-ի տնօրեն Ռեջինա դե Դոմինիչիսը: Արևմտյան Եվրոպան շուրջօրյա խնամքի հաստատություններում գտնվող երեխաների ամենաբարձր ցուցանիշն ունի՝ 294 երեխա 100,000 երեխայի հաշվով, ինչը համաշխարհային միջինի գրեթե եռապատիկն է:
Թեև Արևմտյան Եվրոպայում հաստատությունները հիմնականում փոքր են ու ինտեգրված են համայնքներում, ընտանիքում խնամք կազմակերպելու փոխարեն հաստատությունում այն կազմակերպելու վրա է հիմնական բեռը: Ավելի բարձր ցուցանիշը մասամբ պայմանավորված է վերջին տարիներին Եվրոպայում ապաստան փնտրող, առանց ուղեկցողի և ընտանիքներից բաժանված երեխաների և երիտասարդների թվի աճով: