Մխիթար սպարապետին մենք՝ հայերս սպանեցինք՝ հանուն «խաղաղության»․ «Ժողովրդավարական համախմբում»
«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության խորհրդի անդամ Վահե Թորոսյանը գրում է․
«ՀԱՆՈՒՆ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ»
Մխիթար սպարապետին մենք՝ հայերս սպանեցինք՝ հանուն «խաղաղության»:
Խնձորեսկում հաստատված Մխիթար սպարապետին դավադրաբար չեզոքացնելով տեղի հայերին թվում էր՝ կարող են խուսափել Հալիձորի ճակատագրից և պատուհասներից, որ Հալիձորը տանք Խնձորեսկը պահենք...
Շատ նման է գայլերի և այծերի առակին, որտեղ այծերը կարծում էին, որ գայլերի հետ բարեկամությունը հնարավոր կլինի հաստատել, եթե ազատվեն հովիվի և շների խնամակալությունից։
Սպարապետին թնդանոթով խփեցին, սպանեցին և գլուխը կտրելով տարան Թավրիզ՝ թուրք փաշային, որը զարմացավ նույնիսկ զայրացավ նման արարքից ասելով. «Ով անօրեններ ու ամբարիշտներ, ինչպես համարձակվեցիք բոլորովին անտեղի սպանել ձեր տիրոջը և այդպիսի քաջ մարդուն»։ Եվ չխնայեց անգամ նրանց։
Սա նաև պետք է ստիպեր դեպքերի շարադրող պատմիչին անողոք դատապարտելու անմիաբանությունը « ...այս չարիքը՝ իսկույն եղծում և ապականում է և անմիաստ է դարձնում տվյալ հասարակությունը՝ լինի ընանիք թե քաղաք, ազգ լինի,թե անպարտելի մեծ թագավորություն։
...Ժողովրդի մեջ գտվեցին անօրեններ, որ նաև վարակված էին անմիաբանության զազրելի ախտով, ուստի հանդգնեցին սպանել իրենց առաջնորդին և հեռացնել իրենց հասարակությունից Աստծու ողորմածությունը»։
Քանի քանի Մխիթար սպարապետներ այսպիսի վախճան ունեցան, քանիսները դեռ չձևավորված բնում խեղդվեցին...
Վերաիմաստավորման և ինքնանորոգումի պատգամ բոլորիս…»։