Անբարոյականությունը որպես նշաձող սահմանված է այս իշխանության կողմից. Տիգրան Աբրահամյան
«Մեր երկրում, ցավոք, այս վերջին տարիներին օրինաչափ երևույթ է դարձել, ականատես ենք լինում ոչ միայն մեր հերոս տղաների ծնողների նկատմամբ քրեական հետապնդումներին, այլ նրանց նկատմամբ բռնություններին»։ Լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը, ով եկել էր մասնակցելու 44–օրյա պատերազմում զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հոր` Գարիկ Գալեյանի գործով դատական նիստին։
Նա ցավով արձանագրեց, որ մեր երկրի իրականությունն այսօր այսպիսինն է. «Անբարոյականությունը որպես նշաձող սահմանված է այս իշխանության կողմից և այս իրականության մեջ, ցավոք, անընդհատ ականատես ենք լինում նաև այսպիսի դատական նիստերին»։
Տիգրան Աբրահամյանը նշեց, որ Սահմանադրության փոփոխությունն ուղիղ առնչություն ունի այս դատական նիստին։
«Սահմանադրության փոփոխության մեջ սահմանված չէ կառավարման իրավակարգի ճկունություն, արդյունավետություն կամ իրավական բազայի բարելավում, ֆունդամենտալ հարցերի կարգավորում, այլ այդ Սահմանադրության հիմք է դրված փակել հայոց պատմության էջը, արմատախիլ անել այն արմատները, որոնք մեր ժողովրդին մի քանի հազարամյակ վերաբերել են։ Այն, ինչ այսօր տեղի է ունենում այստեղ, նաև հետապնդումները նահատակների ծնողների նկատմամբ, անմիջականորեն կապված են Սահմանադրության փոփոխության հետ»,- ասաց նա։