Դատախազությունը կասկածի տակ է դնում Գագիկ Բեգլարյանի ներկայացրած փաստաթղթերի իսկությունը․ «Հետք»
«Հետքը» գրում է․
Հակակոռուպցիոն դատարանում հունվարի 30-ին տեղի ունեցավ Երևանի նախկին քաղաքապետ, Կապի և տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով հերթական դատական նիստը։ Նախագահող դատավորն էր Նարինե Ավագյանը։
Դատախազության ներկայացուցիչ Նելլի Տեր-Թորոսյանը ներկայացրեց միջնորդություն՝ փաստաթղթաբանական փորձաքննություն իրականացնելու մասին։
Դատախազը կասկածի տակ է դնում «Ռոյալ բոքս կարգո» ՍՊԸ-ի գործընկերության համաձայնագրերի և վճարման հանձնարարականների անգլերեն բնօրինակ փաստաթղթերի իսկությունը։ Ըստ դատախազի՝ դրանք 1994 թվականի փաստաթղթեր են, սակայն թղթի, կնիքի, ստորագրությունների թանաքի թարմության աստիճանն առաջացնում են կասկածներ այդ փաստաթղթերի, դրանց թվագրման ամսաթվերի վերաբերյալ։
Նշենք, որ ավելի վաղ Բեգլարյանի ներկայացուցիչները հայտնել էին, թե Գագիկ և Բեգլար Բեգլարյանները 1994-ին այլ անձանց հետ համատեղ Արաբական Միացյալ Էմիրություններում ստեղծել են «Ռոյալ բոքս կարգո» ՍՊԸ-ն՝ յուրաքանչյուրն ունենալով 25 % բաժնեմաս, և ստացել են եկամուտ՝ շահաբաժինների տեսքով։ Ըստ Բեգլարյանների ներկայացուցիչների՝ այդ շահաբաժինները նրանք ստացել են կանխիկ եղանակով, այդ պատճառով Դատախազությանը հասանելի չի եղել նշված տեղեկությունը։