Ալիևը և Փաշինյանը երեկ միաժամանակ նույն պահանջը ներկայացրին հայ ժողովրդին. Արթուր Խաչատրյան
«Այս իշխանությունները դասական առումով Ադրբեջանի խամաճիկներն են. Ադրբեջանը պահանջում է, Փաշինյանը զիջում, որն է այդ զիջումների վերջը` ես չգիտեմ։ Հայկական կողմը ինչ առաջարկում է Ադրբեջանին, Ալիևը պատռում, գցում է աղբանոցը, իսկ իրենք Ալիևի ցանկացած պահանջը կատարում են»։
Այս մասին, այսօր՝ փետրվարի 2-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ խոսելով իշխանության՝ ՀՀ Սահմանադրության փոփոխության առաջարկի մասին:
Նա նշեց, որ ՀՀ-ի հիմքերը 90 թվին են դրվել, և երբեք այդ սկզբունքները պատերազմի պատճառ չեն հանդիսացել, հանկարծ Փաշինյանը եկավ ու դրանք դարձան պատերազմի առիթ։ Արթուր խաչատրյանի խոսքով, Ալիևը և Փաշինյանը երեկ միաժամանակ նույն պահանջը ներկայացրին հայ ժողովրդին։
«Ադրբեջանի պահանջները կատարում են, ժողովրդին էլ վախեցնում, ասում պատերազմ կլինի: Մինչև Փաշինյանի պաշտոնավարումը հռչակագիրը երբեք պատերազմի առիթ չէր եղել, ու մեղավորը ոչ թե ագրեսիվ միջավայրն է, այլ իր վարած քաղաքականությունը»,-ասաց նա: