Պետք ա կատարյալ ապուշ լինել մտածելու համար, որ եթե Ալիևն ուզենա մեր Սահմանադրությունը փոխվի, ինքը պիտի հայտարարի այդ մասին․ Վահագն Ալեքսանյան
Ալիևը փորձելու է սահմանադրական փոփոխությունների մեր ծրագիրը, ամեն կերպ, սինխրոնացված Հայաստանի ընդդիմադիր շրջանակների և օտարերկրյա այլ պետությունների հետ, խափանել։ Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ պատասխանելով հարցին, թե Ալիևն ասում է, որ մինչև Սահմանադրությունը չփոխեք, խաղաղության պայմանագիր չի կնքվելու, ինչ է դա ենթադրում։
«Դա ակնհայտ ա առնվազն ինձ համար, որովհետև պետք ա կատարյալ ապուշ լինել մտածելու համար, որ եթե Ալիևն ուզենա մեր Սահմանադրությունը փոխվի, ինքը պիտի հայտարարի, որ ես ուզում եմ էդ Սահմանադրությունը փոխվի, ես որոշ այդպիսի ապուշների մեկնաբանություններ այսօր առավոտյան կարդացել եմ։ Ակնհայտ է, որ եթե Ալիևն ուզենա խափանել ինչ-որ մի պրոցես Հայաստանում, նա կասի, որ ինքն ուզում է այդ պրոցեսը Հայաստանում, դա հասարակ տրամաբանություն է։ Որովհետև, օրինակ, դուք, երբ որ լսում եք, որ Ալիևն ինչ-որ բան ուզում ա, ձեզ մոտ ակնհայտ հակազդեցություն ա առաջանում, ինչպես մեր հասարակության մեծամասնության մոտ։ Ես ձեզ վստահեցնում եմ, որ Ալիևն ընդհանրապես հիմար մարդ չի, ու ինքը շատ լավ էդ ամեն ինչը հասկանում է»։